Լուրեր

Եվրոպացի հեղինակների օր. կազմակերպի՛ր քո միջոցառումը կամ միացի՛ր այդպիսի մեկին մարտի 25-ին

2024 թվականի մարտի 25-ին «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից բոլոր 40 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Եվրոպացի հեղինակների օր։

Միջոցառման ծրագիրը ներառում է հետեւյալ գործողությունները. ընթերցանության միջոցառումներ դպրոցներում, գրադարաններում եւ գրախանութներում, եվրոպացի հեղինակների շրջագայություններ եւ ընթերցանության խթանման եվրոպական հարթությանը նվիրված համաժողով։

ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հրավիրում է մասնակից երկրներում գործող դպրոցներին, գրախանութներին, գրադարաններին եւ ընթերցանության այլ գործընկերներին՝ կազմակերպելու միջոցառումներ՝ կենտրոնացած եվրոպացի հեղինակների վրա։

Այս միջոցառումները կարող են նաեւ գրատպության ոլորտի ներկայացուցիչ հրավիրելու (օրինակ՝ գրող, թարգմանիչ կամ հրատարակիչ) առիթ հանդիսանալ: Այս հանդիպումների նպատակն է զարգացնել մասնակիցների փորձը, ինչպես նաեւ բարձրացնել ոլորտում մասնագիտությունների բազմազանության մասին իրազեկվածության մակարդակը։

Ձեր միջոցառումը գրանցելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով։

Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է նաեւ 120 եվրոպացի հեղինակների մասնակցությամբ շրջագայություն, ովքեր հանդիպում կունենան «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի բոլոր 40 երկրներում երիտասարդ ընթերցողների հետ: Նրանցից շատերը պատրաստվում են հանդիպել իրենց օտարերկրյա ընթերցողներին։ Այսպիսով, հեղինակները կկարողանան ներկայացնել իրենց գործերը, մասնակցել ընթերցումներին եւ նպաստել իրենց կամ այլ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների վերաբերյալ քննարկումներին:

Կլինի նաեւ ընթերցանության խթանմանը նվիրված համաժողով, որը նախատեսված է 2024 թվականի մարտի 25-26-ը Բելգիայի Լյովեն քաղաքում: Համաժողովին կարող են մասնակցել ԵՄ 27 երկրների կրթության եւ մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ «Ստեղծարար Եվրոպա» եւ «Էրազմուս+» ծրագրերի մասնակից այլ երկրների, ԵՄ հաստատությունների, գրատպության եւ կրթության ոլորտների ներկայացուցիչներ:


Աղբյուր՝ https://euneighbourseast.eu/hy/opportunities/evropaci-heghinakneri-or-kazmakerpi%d5%9br-qo-mijocarrumy-kam-miaci%d5%9br-aydpisi-mekin-marti-25-in/
Միջոցառումներ