Լուրեր

Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1–ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվել է ուրախ ու հետաքրքիր միջոցառում, որին մասնակից են եղել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը և մետրոպոլիտենի աշխատակազմի ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական օրվա կապակցությամբ՝ «Ռադիո Վան» ընկերության նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրների, շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցում էին երեխաները։

Սիրված մուլտհերոսների ուղեկցությամբ՝ օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվել են դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ և շարունակվել է տոնախմբությունը։

Կայարանի շատրվանների մոտ երեխաները նկարվել են իրենց սիրելի մուլտհերոսների հետ, պարել, երգել, մասնակցել մրցույթների, համտեսել պաղպաղակ ու քաղցրավենիքներ և ստացել փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։

Տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:


Աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1138541.html
Մանկապարտեզ