Լուրեր

ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակվում են նոր մեթոդներ հյուսվածքների մոդելներում դեղանյութերի փորձարկման և վնասված հյուսվածքների վերականգնման համար

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում իրականացված գիտական հետազոտությունները ցույց են տվել հյուսվածքաբանական նմուշների հիպերսպեկտրալ անալիզի մեթոդի վալիդությունը: Ստացվել են նոր տվյալներ, որոնք հաստատում են որոշ սքաֆոլդների կառուցվածքային ամբողջականությունը և ապաբջջայնացման արդյունավետությունը։ Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից։

Սքաֆոլդները մատրիցաներ են, որոնք կենսաբանական կրիչների համադրությամբ արագացնում են հյուսվածքի վերականգնումը։ Կատարելագործվել են ցիտոտոքսիկության և իմունագենության գնահատման մեթոդները, և փոշիացված սքաֆոլդներ են սկսել կիրառվել ավելի վստահելի արդյունքների ստացման համար։ Իմունագենության գնահատման փորձաչափումները հարստացվել են նոր մեթոդներով, ինչպիսին է հոսքային ցիտոմետրիան։

«Մեր լաբորատորիայի կողմից մշակվող տեխնոլոգիաներն ունեն երկու հիմնական կիրառություն։ Առաջինը նոր բուժման մեթոդների մշակումն է վնասված հյուսվածքների վերականգնման համար: Թեպետ այս հետազոտական ուղղությունը դեռևս հիմնարար գիտության մակարդակում է, սակայն ունի կիրառական բազմաթիվ կարևոր հեռանկարներ: Մյուս ուղղությունը վերաբերում է մշակված հյուսվածքների կիրառմանը որպես մոդել տարբեր պրեպարատների և դեղանյութերի փորձարկման նպատակով: Այս ուղղությամբ լաբորատորիայում նույնպես տարվել և տարվում են բազմաթիվ աշխատանքներ: Նոր մոդելների մշակումը հնարավորություն կտա իրականացնել ճշգրիտ և էթիկապես ոչ խնդրահարույց փորձարկումներ»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։

Նա նշեց, որ լաբորատորիայում ներկա պահին գործում են մի քանի հետազոտական նախագծեր, որոնց նպատակն է հյուսվածքային ճարտարագիտության մեթոդների կիրառմամբ լաբորատոր պայմաններում տարբեր հյուսվածքների կառուցվածքների ստացումը և թեստավորումը: Նախագծերն արժանացել են մի քանի դրամաշնորհների և ֆինանսավորման ծրագրերի, այդ թվում՝ ANSEF դրամաշնորհ, EIF - PMI հետազոտական աշխատանքների ֆինանսավորում, FAST ADVANCE STEM գիտահետազոտական կրթաթոշակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության դրամաշնորհային ծրագիր: «Ներկայում մեր լաբորատորիան սերտ համագործակցություններ ունի Բելառուսի Հանրապետության Սախարովի անվան Էկոլոգիայի միջազգային պետական ինստիտուտի, ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում համագործակցում է ՌԴ Յակուտսկի Գրաֆենային տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի, ինչպես նաև BIO-SEE կենսապատկերման միջազգային ասոցիացիայի հետ»,- ասաց Զարուհի Կարաբեկյանը:

Աղբյուր՝
Գիտություն