Լուրեր

Կառավարությունը թույլ տվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին կրթությունը կազմակերպել անգլերենով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տվեց: Դա հնարավորություն կտա ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին» 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով՝ 3 տարի ժամկետով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, ճեմարանի կողմից «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» ծրագիրն իրականացվում է 2014 թ-ից՝ ՀՀ կառավարության որոշման և Միջազգային բակալավրիատի կողմից ստացված հավաստագրի հիման վրա: Ծրագրի 2016-2023 թթ 123 շրջանավարտներից 24-ը (կամ 20 %-ը) այլ երկրների քաղաքացիներ են, ընդ որում դրանցից 21-ը՝ ազգությամբ հայ, ինչը հնարավորություն է տալիս մայրենի լեզվի ոչ բավարար իմացությամբ հայ երիտասարդներին ավագ դպրոցն ավարտել հայրենիքում՝ ստանալով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:

ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությամբ պայմանավորված, կանխատեսվում է Սփյուռքի հայ ընտանիքների ներհոսք։ Ավագ դպրոցում երեխաների կրթությունն ապահովելու հնարավորությունը կնպաստի ընտանիքների հայրենիք տեղափոխվելու որոշմանը։

Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձևավորվում է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք։


Աղբյուր՝ https://www.1in.am/3233225.html
Դպրոցական կյանք