«Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամը հիմնադրվել է 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա: Որպես միջազգային բուհ՝ Հայաստանի եվրոպական համալսարանը (ՀԵՀ) միջազգային առաջատար փորձի և տեղական կրթակարգի լավագույն ավանդույթների մեկտեղմամբ` որդեգրեց ուսուցման արդի կառուցակարգ: Արդեն այսօր ՀԵՀ-ում առկա է ուսուցման եռաստիճան համակարգ` առկա և հեռակա կրթական ծրագրերով` նախատեսված ինչպես հայազգի այնպես էլ օտարերկրյա դիմորդների համար:
Հայաստանի եվրոպական համալսարանը իրականացնում է.
- 16 բակալավրի կրթական ծրագիր,
- 15 մագիստրոսի կրթական ծրագիր,
- 4 հետբուհական կրթական ծրագիր:
Համալսարանի գիտակրթական մասշտաբները չսահմանափակվեցին միայն քաղաք Երևանով, դրանք ընդգրկեցին նաև Հայաստանի մարզերը։ Արդյունքում, համալսարանը հիմնեց մասնաճյուղեր Գյումրի, Վանաձոր, Իջևան և Կապան քաղաքներում՝ այդպիսով ընդարձակելով մրցունակ կրթության արտահանման ծավալները։
Առաջնորդվելով Հայաստանում կրթությունը գրավիչ և մրցունակ դարձնելու ընդգծված առաջնահերթությամբ՝ Համալսարանի համար գերակա դարձավ նաև արտաքին կապերի խորացումը և գործընկերային ցանցի ընդլյանումը։ Բուհի միջազգայնացմանը, եվրոպական կրթական տարածքում նրա հեղինակության ամրապնդմանը մեծապես նպաստեց անդամագրումը բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիային` ԵՎՌԱՇԻՆ (EURASHE), որի անդամ Համալսարանը դարձավ 2018 թվականին։
Համալսարանի միջազգայնացման և գործընկերային կապերի խորացման առհավատչյան, բուհի ստեղծման օրվանից մի շարք արտասահմանյան բուհերի հետ ծավալվող հարաբերություններն էին և ձեռք բերված պայմանավորվածությունները՝ որոնց թվում կարելի է հիշատակել Իտալիայի Հանրապետության Բոլցանոյի «ԵՎՐԱԿ» («EURAC») գիտահետազոտական կենտրոնը, Լիոնի առևտրարդյունաբերական պալատի «ԷԿԼԻԱ» («EKLYA») բիզնես դպրոցը և «ՀԻԲՐԻԱ» («HYBRIA») բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտը, Իտալիայի Հանրապետության «ՊՈԼԻԱՐՏԵ» արվեստի և դիզայնի ակադեմիան, Անգլիայի Չելսի բիզնես դպրոցը և այլ կրթական հաստատություններ: Հատկանշական է, որ նրանց մի մասը հանդիսանում են Համալսարանի հիմնադիրներ և Հոգաբարձուների խորհրդի անդամներ։
Ներպետական մակարդակում Համալսարանը ևս արձանագրում է նշանակալի ձեռքբերումներ, կնքելով երկկողմ պայմանագրեր, որոնք առնչվում են ուսումնական ենթակառուցվածքների զարգացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստմանը, օտար լեզուների ուսուցմանը, ուսումնագիտական և մեթոդական ձեռնարկների հրատարակմանը, սեմինարների և գիտաժողովների անցկացմանը և բազմաթիվ այլ ձեռնարկումներին։ Ահա դրանցից մեկը՝ Վիվասել-ՄՏՍ և Սինոփսիս Արմենիա առաջատար ընկերությունների միջև կնքված եռակողմ համաձայնությունը, որի շնորհիվ 2011 թվականին Համալսարանում բացվեց ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով հագեցած Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր ամբիոնը:
2023-2024թթ. ուսումնական տարվանից սկսած բուհը իր բոլոր մասնագիտությունների գծով իրականացնում է լրացուցիչ միջազգային կրթական ծրագրեր, որի արդյունքում՝ մեր կողմից շնորհվում է ակադեմիական կրթության պետական հավատարմագրված նմուշի դիպլոմ, իսկ մեր գործընկերների կողմից մասնագիտական կրթության դիպլոմ, որը առավելապես հենվում է անձի հմտությունների և գործնական կարողությունների զարգացման և աշխատաշուկայի պահանջների վրա:
ՀՀ ԿԳՄՍ հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 24-ի N 55 որոշմամբ բուհին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամեկտով (վկայական N 51):
Հիմնական ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են՝
- Միջազգային բուհ
- Պետական հավատարմագրում
- Պետական նմուշի դիպլոմ
- Կրթական ծրագրեր եվրոպական չափորոշիչներով
- Երկու դիպլոմ և մասնագիտացման կրթական ծրագրեր եվրոպական առաջատար կրթական կազմակերպությունների հետ
- Շարժունության ծրագրեր եվրոպական լավագույն բուհերի հետ
- Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) անդամ (միակը Հայաստանում)
- Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի (IERA - International Education and Research Alliance) լիիրավ անդամ
- Արտաքին գործընկերներ աշխարհի տարբեր երկրներում
- Որակյալ կրթություն եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին համապատասխան
- Փոխանակման ծրագրեր միջազգային հեղինակավոր բուհերի հետ
- Անգլերենի խորացված ուսուցում
- Մասնագիտական դասընթացների դասավանդում անգլերենով
- Դասավանդման և ուսումնառության նորարական մեթոդներ:
Գործում է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ բոլոր մասնագիտությունների համար, որի ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆ է 1 ուսումնական տարի: ՀԵՀ-ն 2021 թվականին անցնելով ռեբրենդինգ՝ հանդես է գալիս նոր կարգախոսով՝ ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑԻ՛Ր ԱՊԱԳԱԴ ԱՅՍՕՐ: Այն ունի արտաքին գործընկեր աշխարհի տարբեր երկրներում:
Ներկայումս ՀԵՀ-ում գործում են հետևյալ մասնագիտությունները․
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Տեղեկատվական համակարգեր
- Տեղեկատվական անվտանգություն
- Ինֆորմատիկա (Ռոբոտաշինություն և խելացի համակարգեր)
- Կառավարում (Մենեջմենթ)
- Տնտեսագիտություն և բիզնեսի զարգացում
- Շուկայագիտություն (Մարքեթինգ)
- Ֆինանսներ և բանկային գործ
- Իրավագիտություն
- Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
- Գրաֆիկական դիզայն
- Ճարտարապետություն և լանդշաֆտային դիզայն
- Հոգեբանություն
- Զբոսաշրջություն և հյուրանոցային գործ
- Լեզվաբանություն (Մասնագիտական թարգմանչություն)
- Մասնագիտական մանկավարժություն (Անգլերեն լեզու և գրականություն):
- Կրթության կառավարում: